Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերջ, գնացեք արձակուրդ

Վերջ, գնացեք արձակուրդ
18.07.2017 | 08:52

Հուլիսի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում էր, Դիլիջանում նա քաղաքական տարին ամփոփեց «Արմենիայի» «Ռ-էվոլյուցիա» հաղորդման համար: Հեռուստաընկերության ընտրությունը վկայում էր՝ հարցազրույցն ուղղված է առաջին հերթին արտաքին, հընթացս միայն ներքին լսարանին: Բոլորդ կարող եք հանգիստ գնալ արձակուրդ ու վայելել խայտառակ շոգը:

Հայաստանում մինչև աշուն ոչինչ չի լինելու՝ ասվեց ներքին լսարանին: Արտաքին լսարանին ներկայացվեց ծրագիրը, որով Հայաստանը շարժվելու է մինչև 2022-ը: Որևէ նորություն չկար՝ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, ՀՀԿ-ն էլ կազմավորելու է իշխանությունը: ՀՀ, ՀՀԿ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հաստատեց երեք իրողություն.
1. Ես եմ, ու ես երբեք չեմ սխալվում:
2. Դիտակետը սա է, գնահատեք ինքներդ ու դիրքավորվեք:
3. Պատիվ ունեմ՝ մնալու ու լինելու:


Մնացածը տեխնիկական մանրամասներ էին, որոնց կրկնությունը երաշխիք էր, որ Հայաստանը հինգ տարի իր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխելու, ցնցումների պատճառ չի տալու, ապրելու է առանց պատրանքների, որ Ռուսաստանը իր հովանավորն է ու պաշտպանը, բայց և համարժեք վերաբերմունք չի դրսևորելու Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը՝ առավելագույնը փորձելով իր համար ներքին ազատության տարածք ազատել՝ ԵՄ-ի հետ համագործակցության համար: Հայաստանը մնալու է նույն դիրքերում Արցախի հարցում՝ հանդարտ հետևելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչպես է լուծում Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու ու իր հայտարարած պահանջները կատարելու հարցը: Հայաստանը պատրանքներ չունի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առումով՝ իմանալով, որ երբեք երեք համանախագահները նույն տեսակետը չեն ունեցել ու չեն ունենա՝ շահերի բախման պատճառով: Շարունակվելու է սողացող պատերազմը՝ զիջումներ չեն լինելու, փոխզիջումների անհնարինության պատճառով, որոնց մեղավորը Բաքուն է:


Հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը երբեք չի պլանավորել, թե որտեղ է լինելու հաջորդ պահին, մեղմ ասած, մեծ չափազանցություն է: Նա ծրագրել է ու ծրագրում է ոչ միայն իր որտեղ լինելը, այլև իշխանական բուրգի յուրաքանչյուր անդամի: Հենց այդ պատճառով, գուցե, արդիականությունը կորցնում է հարցը՝ ո՞վ է լինելու վարչապետը: Ով էլ լինի (այդ թվում՝ ինքը) խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում ՀՀԿ մեծամասնությունն է լինելու թելադրողը, իսկ ո՞վ է ՀՀԿ նախագահը: Նա կարող է լինել և դեյուրե առաջինը, և չլինել՝ դեֆակտո պահպանելով առաջինի լծակները, որ շատ հարմար է՝ տարրալուծում է անմիջական պատասխանատվությունը թե ներքին, թե արտաքին քաղաքական քայլերի համար: 2022-ն է սահմանագիծը, որից հետո Հայաստանում տեսականորեն հնարավոր են փոփոխություններ, բայց հինգ տարում ամեն ինչ արվելու է, որ փոփոխություններ չլինեն: Պատճառները երեք կետերում են, հետևանքները հնարավոր է գնահատել արդեն հիմա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցի տեղն ընտրված էր սքանչելի՝ պատերազմում գտնվող երկրի նախագահը սահմանից աշխարհին ասաց, որ խաղաղություն է ուզում ու իր իշխանության մնալը այդ խաղաղության երաշխիքներից է, բայց այդպես են ասել երեք նախագահներն էլ, առաջինը նույնիսկ հանուն խաղաղության հեռացավ: Նույնքան սքանչելի էր ընտրված պահը՝ հավատարմության հավատ ներշնչելու ընտրության գնացող Պուտինին, կայունության ու վստահելիության հույսեր տալով Մակրոնին ու Թրամփին՝ նրանց հետ հանդիպումներից առաջ, որ վաղ թե ուշ կայանալու են: Միով բանիվ՝ շոգ է, գնացեք արձակուրդ ու հանգստացեք: Վերջ:

Դիտվել է՝ 5486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ